ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում մասնակցել է քաղաքի մանկապարտեզի բացման արարողությանը, ինչպես նաև ծանոթացել քաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Մանկապարտեզի հիմնանորոգման համար ծախսվել է 165 մլն 900 հազար դրամ, որից 117 մլն 800 հազարը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին և երկրորդ ծրագրերով, իսկ 48 մլն 100 հազարը` ներդրվել է համայնքի կողմից: 120 երեխայի համար նախատեսված համայնքային մանկապարտեզն ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով և գույքով: Արմեն Գևորգյանը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Նա կարևորել է համայնքներում բարեկարգ նախակրթարանների առկայությունը և ողջունելի համարել համայնքի մասնակցությունը ծրագրի իրականացմանը:
Փոխվարչապետը մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և քաղաքապետ Բալասյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև թիվ 1 և թիվ 2 դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Թիվ 1 դպրոցի 8 մասնաշենքերի նորոգման համար հատկացվել է 167 մլն 500 հազար դրամ: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են դեռ 2009թ-ից: Այս տարվա ծրագրով հիմնանորոգվում է դպրոցի մեկ մասնաշենք` այդ թվում` արհեստանոցը, ճաշարանը, դահլիճը և ենթակառուցվածքները: Վերանորոգվել է նաև քաղաքի թիվ 2 դպրոցը: Այդ նպատակով 28 մլն 800 հազար դրամ էր հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով, որով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվել են: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:





