ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում ծանոթացել է խմելու ջրամատակարարման ցանցի վերականգնման ծրագրի ընթացքին: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագրի» շրջանակում ` «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կողմից:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը տեղեկացրել է, որ Բյուրեղավանում ծրագիրը մեկնարկել է մայիսին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերականգնել քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Մասնավորապես կվերականգնվեն քաղաքը սնող աղբյուրները, կկառուցվեն ջրաբաշխիչ հանգույցներ, քլորակայան, նոր պոմպակայան: Կկառուցվի և կվերակառուցվի շուրջ 10 կմ ջրագիծ, կվերանորոգվի օրվա կարգավորիչ ջրամբարը:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մեկ տարի անց: Արդյունքում քաղաքը կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ: Ծրագրի արժեքը 380 մլն դրամ է:
«Հայաստանի փոքր քաղաքների ջրամատակարարման ծրագիրը», որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ, համայնքային ջրամատակարարման համակարգերի վերականգնում է նախատեսում 17 քաղաքներում և գյուղերում:





