«Երբ կգան, կասեն, որ ես զոհվել եմ, չհավատաք. ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու»… Հրամանատարը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ ընկավ:
Լեոնիդ Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապեց Արցախի ազատամարտի հետ` սկզբում կռվելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ «Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ»,- ասում էր Ազգալդյանը:
Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով 1991 թ. հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծեց «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը: Այն թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Հետմահու պարգևատրվեց ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Արցախում արտասահմանցի մի լրագրող Լեոնիդ Ազգալդյանին հարցրել է. «Ի՞նչ գույնի եք դուք, այսինքն` ո՞ր կուսակցությանն եք պատկանում»: Ազգալդյանը մի բուռ հող է վերցրել ու ասել. «Ահա իմ գույնը»:
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին: 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում` Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։





