AM
24 Հունիս 2013 - 07:52 AMT

«Dasaran.am»-ը նոր ինտելեկտուալ օլիմպիադա է կազմակերպում

«Dasaran.am» կրթական ծրագիրը 2012/2013 ուսումնական տարեսկզբին գործարկել է աշակերտների առաջադիմության խրախուսման նոր համակարգ, որի նպատակն է խթանել աշակերտների սերն ուսման հանդեպ և տարեվերջին հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու «DUEL Plus» նոր ինտելեկտուալ օլիմպիադային` մարտահրավեր նետելով իրենց հասակակիցներին և մրցելով տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով:

«Այդպիսով «Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին` կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:

«DUEL Plus» ինտելեկտուալ օլիմպիադան անցկացվում է երկու փուլով և նախատեսված է 4 տարիքային խմբերի համար (2-3-րդ, 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարաններ): Մրցույթի ընթացքում մասնակիցները պատասխանում են ընդհանուր զարգացվածության և դպրոցական դասագրքերի հիման վրա ստեղծված հարցաշարերին, իսկ լավագույնները մրցույթի ավարտին կպարգևատրվեն բազմաթիվ մրցանակներով և խրախուսական նվերներով»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Dasaran.am-ն արդեն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 757-ը` այս պահին ունենալով ավելի քան 274 939 գրանցված աշակերտ և 274 939 ծնող, 757 տնօրեն և 28.631 ուսուցիչ: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

2009թ.-ից գործող «Dasaran.am» կրթական ծրագրի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Այն հասանելի է արդեն Երևանի և ՀՀ մարզերի ընդհանուր թվով 757 դպրոցներում: Ծրագիրն ստացել է Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, մասնավորապես` 2012թ.-ի փետրվարի 8-ին «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ավելի վաղ՝ 2011թ. օգոստոսին, «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի համաձայն` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն, դարձել պարտադիր ՀՀ բոլոր դպրոցների համար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի ծառայությունները մատուցվում են անվճար հիմունքներով:

Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաև ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության և կարևորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը: