«Երկրները` մեկ հարկի տակ» անունը կրող ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը Հյուսիսային պողոտայում: Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը Երևանի դահլիճներից որևէ մեկում: Փառատոնին կմասնակցեն ինչպես տեղի արտադրող և ներկրող ընկերությունները, այնպես էլ` միջազգային ընկերությունները և ՀՀ- ում գործող բոլոր դեսպանատները և հյուպատոսությունները: Փառատոնն իր բնույթով գործարար է, մշակութային, էթնիկ:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է 2012 թվականին: Հայաստան են ժամանել արտերկրա հայ և օտարազգի գործարարներ, մասնակցել են 18-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ, կապեր հաստատելու, կնքելու պայմանագրեր և համագործակցելու:
Այս տարի ևս փառատոնը միտում ունի ավելի զարգացնելու և նոր կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրյա գործարարների միջև: Պաշտոնական բացմանը կմասնակցեն ՀՀ նախարարություններ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական այրեր, դեսպաններ: Փառատոնը կլուսաբանվի տարբեր հեռուստա և ռադիոընկերություններով:
Մասնակիցներն են` ՀՀ-ում գործող դեսպանություններ, հյուպատոսություններ, բազմաթիվ երկրներ` Ֆրանսիան, Բելառուսը, Թուրքմենիան, Սիրիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Ռումինիան, Էստոնիան, Ուկրաինան, Ղազախստանը, Հայաստանը և այլ դեսպանություններ, հյուպատոսություններ:
Փառատոնի ընթացքում կկատարվի նաև հանգանակություն, որի ողջ հասույթը կբաժանվի բարեգործական հիմունքներով: Փառատոնին կարող են մասնակցել նաև սփյուռքահայ գործարարներ:





