Արմավիրի մարզի Մյասնիկյան, Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչներ փակել են Բաղրամյանից դեպի Արմավիր ընկած ճանապարհահատվածը և բողոքում են, որ Գյուղնախարարությունն իրնեց խաբել է: Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Նոյան» ընկերությունը չի հասցնում մթերել եղած ծիրանը, իսկ դրսի ընկերություններին թույլ չեն տալիս մթերել: «Եղածը 50 դրամով մթերում են, բայց ժամերով հերթեր են գոյանում, մարդիկ չեն կարող սպասել, բերքը փչանում է»,-ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին գյուղացիները մարզպետի հետ են խոսում, վերջինս նրանց համոզում է տուն վերադառնալ և խոստանում է ամեն ինչ անել, որ մթերող կազմակերպությունը ժամանակին կատարի իր գործը: Նշենք նաև, որ արմավիրցիները գյուղնախարարի հետ հանդիպում են պահանջում: Նրանք սպառնում են Երևան գալ՝ ծիրանի արկղերով:





