AM
24 Հունիս 2013 - 09:51 AMT

Հորդանանին հետաքրքրում է բժշկագիտության, դիզայնի և ՏՀՏ ոլորտներում կրթության հնարավորությունները Հայաստանում

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության վարչապետ Աբդուլլա Նասուրի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու պետությունների տնտեսական և քաղաքական հարաբերությունների խորացման, տարածաշրջանային զարգացումների ու կրթության և գիտության ոլորտում համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանը վարչապետին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումները և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցեր:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաև Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ամին Մահմուդի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել այս ուսումնական տարվանից իրականացել կրթաթոշակային ծրագրեր, մասնավորապես, հայ ուսանողները հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները արաբագիտության, իսլամագիտության և ՏՀՏ ոլորտներում, իսկ հորդանանյան կողմին հետաքրքրել են բժշկագիտության, ճարտարապետության, դիզայնի և ՏՀՏ ոլորտներում կրթության հնարավորությունները Հայաստանում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ստորագրվել է նաև ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի` կողմերը կնպաստեն իրենց երկրների միջնակարգ, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների միջև անմիջական կապի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաև կմշակեն և կիրագործեն համատեղ շահերից բխող գիտահետազոտական ծրագրեր և նախագծեր: