Այսօր տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության` հայրենաճանաչության «Արի տուն» 2013 թթ. ծրագրի երկրորդ փուլի բացումը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալ ընտանիքներին ջերմ ընդունելության համար, կարևորել նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում:
Ծրագիրը ներկայացրել է Համահայկական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը: Ծրագրի մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ընտանիքների ներկայացուցիչներ, Հայաստան ժամանած խմբերի ղեկավարներ:
Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 11 երեխայի մայր Գոհար Ավետիսյանը նշել է, որ հյուընկալել է մեկ երեխայի և պատրաստվում է հաջորդ փուլերին ևս երեխա հյուրընկալել: Ելույթ են ունեցել նաև ծրագրի մասնակիցները, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին՝ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու համար:
«Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել 96 երիտասարդ աշխարհի 10 երկրից: Նրանց համար այս փուլում ևս Ստ. Շահումյանի անվան դպրոցում կկազմակերպվեն հայոց լեզվի արագացված դասընթացներ: Ծրագրի վերջին 4 օրերը սփյուռքահայ պատանիները կանցկացնեն Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում, որտեղ կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, մասնակիցները հանդիպումներ կունենան պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:





