AM
24 Հունիս 2013 - 13:46 AMT

Վերազինվել է Հայաստանի կույրերի միավորման աուդիոգրքերի ձայնագրման ստուդիան

Orange հիմնադրամի աջակցությամբ և Գլոբալ երիտասարդական միություն հիմնադրամի (ԳԵՄՀ) ջանքերով այսուհետ Հայաստանի կույրերի միավորման տարածքում կգործի վերազինված ստուդիա, որտեղ հնարավոր կլինի ձայնագրել հայերեն աուդիոգրքեր կույր և թույլ տեսողություն ունեցող անձանց համար: Ձայնագրման այս ստուդիան, որը հիմնվել է տասնյակ տարիներ առաջ, թեև մշտապես շարունակել է գործել, այդուամենայնիվ մինչ օրս օգտագործում էր հին ձայներիզներ: Ձեռք բերված նորագույն տեխնիկայի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի աուդիոգրքերը ձայնագրել CD և MP3 ֆորմատներով, իսկ արդեն եղած ձայներիզներում եղած բովանդակությունը թվայնացնել:

Հայաստանում այսօր ապրում են ավելի քան 12,000 կույր և տեսողության խնդիրներ ունեցող անձինք, որոնց մեծ մասը այս կամ այն կերպ կապված են Հայաստանի կույրերի միավորման հետ: Հենց միավորումն իր ներկայացուցիչների միջոցով պիտի Հայաստանի տարբեր վայրերում բնակվող կույրերին հասնի աուդիոգրքերը, որոնք կարևոր են բոլորի և առավել ևս՝ տեսողությունը մեծ տարիքում կորցրած անձանց համար, ովքեր շատ դեպքերում բրայլյան այբուբենով գրականությունից չեն կարող օգտվել:

Orange ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագծի մեկ այլ բաղկացուցիչն է www.audiolibrary.am համացանցային աուդիոգրադարանի համալրումը նոր գրականությամբ, որտեղ մեծամասամբ ընդգրկվելու են հայ և արտասահմանյան դասական գրականության նմուշներ:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 8,700,000 դրամ: