AM
24 Հունիս 2013 - 15:03 AMT

ՀՀ և ՌԴ ԱԱԽ քարտուղարները քննարկել են Գառնու դիտարանի վերագործարկման հնարավորությունները

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր քննարկել են Ասիայում և Արևելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնու դիտարանի վերագործարկման և վերազինման հնարավորությունները:

Ըստ այդմ, ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տնօրեն Ալեքսեյ Մալովիչկոն և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան: Այցի հիմնական նպատակն էր տեղում ուսումնասիրել և գնահատել դիտարանի ներկա վիճակը, ինչպես նաև քննարկել դրա վերականգնման հնարավոր տարբերակները։

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի և դիտարանի տնօրենի ուղեկցությամբ Ալեքսեյ Մալովիչկոն շրջել է թունելախորշում, ծանոթացել այնտեղ տեղադրված սարքավորումներին և շենքի ընդհանուր վիճակին։ Վերջերս ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալությանը հաջողվել է գտնել դիտարանում եզակի չափումներ իրականացնող սարքերը նախագծող ու տեղադրող մասնագետներին, որոնք ներկայումս աշխատում են Մոսկվայում գտնվող ՌԴ ԳԱԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտում։ Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին։ Այցելելով դիտարան և տեղում ճշտելով թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի և լազերային ինտերֆերոմետրի ներկա վիճակը` ՍՊԾ մասնագետները կազմել են մանրամասն եզրակացություն, որն ուղարկվել է մոսկովյան ինստիտուտ` սարքերի վերագործարկման տարբերակները քննարկելու համար։

Դրանից հետո մշակվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման և վերազինման ծրագիր։ Դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը և, որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:

Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի և ուժեղ երկրաշարժերը:

Վերազինելուց և վերագործարկելուց հետո դիտարանը կդառնա միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոն, որից ստացվող ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն: Դիտարանում տեղադրված է 375 մ երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆ։ Որքան երկար է դեֆորմոգրաֆը, այնքան ճշգրիտ տվյալներ են գրանցվում երկրակեղևի շարժի վերաբերյալ: