Եվրախորհրդի կենտրոնակայանում ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանն այսօր բացել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 15-րդ արձանագրության ստորագրման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, արձանագրությունը ստորագրող շուրջ երկու տասնյակ պետությունների ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքում նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը աջակցում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների իրագործման վերահսկողական մեխանիզմի կատարելագործմանը և 15-րդ արձանագրությունն այդ գործընթացի կարևոր մաս է կազմում։ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ 15-րդ արձանագրությունը կստորագրվի և կվավերացվի ԵԽ բոլոր անդամ պետությունների կողմից, ինչը հնարավորություն կընձեռի ՄԻԵԴ-ին առավել արդյունավետ աշխատել։
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կարևորել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը և հույս հայտնել, որ դրա մշակումը ավարտին կհասցվի Հայաստանի նախագահության ընթացքում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Ստրաստբուրգում Էդվարդ Նալբանդյանն ու Ստրասբուրգի քաղաքապետ Ռոնալդ Ռիեսը մասնակցել են ԵԽ-ում Հայաստանի նախագահության խորհրդանիշով տրամվայների շնորհանդեսի արարողությանը։
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ մի քանի ամիս Ստրասբուրգի բնակիչներն ու քաղաքի հյուրերը կշրջեն Հայաստանի դրոշի գույներով զարդարված տրամվայներով, որոնք հազարավոր ուղևորներին կփոխանցեն հայ ժողովրդի սրտի ջերմությունը, նրա ցանկությունը 800 միլիոն եվրոպացիների հետ կիսելու խաղաղ երկինք և կառուցելու արժանապատիվ ապագա։
Նույն օրը նախարար Նալբանդյանը մեկնել է Լեհաստան՝ միանալու պաշտոնական այցով Վարշավա ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը։





