AM
24 Հունիս 2013 - 17:54 AMT

Շինարարության արժեքի հաշվարկման կարգի վերաբերյալ ՎՊ առաջարկներով արժեքի 20% նվազեցում է նախատեսվում

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի նպատակն էր քննարկել գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման նոր մեթոդաբանությունը: Սամվել Թադևոսյանը, շեշտելով հարցի կարևորությունը, հորդորել է ներկաներին մանրակրիտ ու հիմնարար ուսումնասիրել խնդիրը:

«Կառավարության համար սկզբունքային է շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի վերանայման հարցը, բայց պետք չէ շտապողականություն ցուցաբերել, քանի որ կտրուկ քայլերը կարող են բացասական ազդեցություն ունենալ շինարարության որակի վրա, կամ նպաստել առանց այն էլ մասնագետների կարիք ունեցող շիանարարության ոլորտից մասնագետների հեռացմանը»,-ընդգծել է նախարարը:

Թադևոսյանը տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը 2011 թվականին մշակել է գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի նոր մեթոդաբանությունը, որով սկզբունքայնորեն փոխվում է վերադիր հաշվարկման մեխանիզմը:

Վերահսկիչ պալատը ևս շինարարության արժեքի հաշվարկման կարգի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել, որով տոկոսադրույքների ուղղակի կրճատմամբ նախատեսվում է շինարարության արժեքի նվազեցում մինչև 20%-ի չափով և պետական միջոցների տնտեսում:

Նախարարը հաշվի առնելով հարցի բազմաշերտությունը` կոչ է արել հանձնաժողովի մասնակիցներին սեղմ ժամկետում գրավոր ներկայացնել առաջարկներ, որոնք հաշվի կառնվեն շինարարության արժեքի հաշվարկման նոր կարգը սեպտեմբերին կառավարություն ներկայացնելիս:

Հիշեցնենք, որ միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ` «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի պահանջների կատարման և ՀՀ վերահսկիչ պալատի ներկայացրած առաջարկությունների քննարկման նպատակով:

Նիստում քննարկվել են նաև շինմոնտաժային աշխատանքներում նյութերի, աշխատավարձի և այլ ծախսերի մասնաբաժնին վերաբերվող հարցերը: