AM
25 Հունիս 2013 - 12:55 AMT

«Խոշտանգումը հանցագործություն է». Համաժողով, պիկետներ ու քայլերթ՝ Երևանում

Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, որի կապակցությամբ այսօր և վաղը մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Կազմակերպությունների անդամների և ակտիվիստների մասնակցությամբ հունիսի 26-ի առավոտյան կանցկացվի քայլերթ և պիկետ մի շարք շահագրգիռ պետական մարմինների առջև, այդ թվում 10.30-ին` ՀՀ Ոստիկանության, 11.45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և 12.30-ին`ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Միջոցառման նպատակն է բարձրաձայնել համակարգում խոշտանգումներ կիրառողներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումների զոհերի աջակցման անհրաժեշտության մասին: Վերոնշյալ կառույցների ղեկավարներին կփոխանցվեն առաջարկություններ`ուղղված խոշտանգումների կանխարգելմանը: Նույն օրը` ժամը 18.30-ին, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոտաների հատման տարածքում տեղի կունենա «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշ մոբ ակցիա, որի նպատակն է գրավել հանրային ուշադրությունն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառմանը:

Հունիսի 27-ին, ժամը 14։00-ից 17։00-ը, «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք – 2013» խորագրով համաժողով, որի կազմակերպիչներն են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Համաժողովին կքննարկվի խոշտանգումների կիրառման անթույլատրելիությունը, կներկայացվեն Հայաստանում խոշտանգումների կանխարգելման հնարավորությունները և քայլերը, ինչպես նաև խոշտանգման զոհերի բուժման և հոգեբանական վերականգման ոլորտում պետական և հասարակական կազմակերպությունների միջև հնարավոր համագործակցության ձևերը: Համաժողովին հրավիրված են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ–ներ: