AM
26 Հունիս 2013 - 12:36 AMT

Թեղուտում փլուզվել է հանքի ջրահեռացման թունելը. սողանքի վտանգ կա

Լոռու մարզի Թեղուտ գյուղում, որտեղ «Վալլեքս» ընկերությունը ենթակառուցվածքներ է կառուցում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար, փլուզվել է Դուքանաձորի հանքի ջրահեռացման համար նախատեսված թունելը և հիմա տոննաներով կուտակված ջրախառն հողը լուրջ սողանքի վտանգ է ներկայացնում գյուղի և բնակիչների համար: Այս մասին ահազանգը տարածվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

ԷկոԼուրի տեղեկություններով` խնդիրը տեխնիկական բնույթ է կրում: «Դա բետոնապատված կանալ է: Գրունտը նստել է, և հիմա վերականգնման աշխատանքներ են տարվում: Իսկ ինչ վերաբերվում է գյուղին, ապա ակնհայտ վտանգներ դեռ չկան, քանի որ կանալը անցնում է Թեղուտից զգալի հեռավորության վրա գտնվող հատվածով: Ընդամենը երկու տարի է, ինչ ջուրը հոսում է այդ թունելով, և գրունտը նստել է: Երբ և որտեղ կրկին գրունտը կնստի, ոչ մեկի հայտնի չէ»,- հայտնել են ԷկոԼուրի աղբյուրները: