AM
28 Հունիս 2013 - 10:45 AMT

Երևանի կամարանցումների նկարազարդման ծրագիրն ավարտվել է. 35 կամարանցում է նկարազարդվել

Երևանի զարգացման 2013թ. ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու ինքնատիպ լուծումներով հարդարման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնոմ են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծրագրի իրականացման արդյունքում այս տարի վերանորոգվել ու նկարազարդվել է շուրջ 35 կամարանցում: Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ.-ից մեկնարկած ծրագիրը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ներառել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կամարանցումները:

Ընդհանուր առմամբ, անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են: Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր բարեկարգվել է մայրաքաղաքի 179 կամարանցում, որոնք նաև նկարազարդվել են տարբեր բնապատկերներով ու Հայաստանի տարբեր տեսարժան վայրերն ու պատմաճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանների պատկերներով: