AM
28 Հունիս 2013 - 10:46 AMT

Ս.Օհանյան. Ռազմաօդային ուժերում համալրում է սպասվում`ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակներում

Հայաստանը շարունակում է խելացի սպառազինության քաղաքականությունը և այդ համատեքստում առաջիկայում ռազմաօդային ուժերում համալրում է սպասվում: Պաշտպանությա նախարար Սեյրան Օհանյանն այս մասին հայտարարեց այսօր «Էրեբունի» օդանավակայանում ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի և ՌԷՊ ստորաբաժանանումների կազմավորման 21-րդ տարեդարձի առիթով ճեպազրույցի ժամանակ:

«Ռազմաօդային ուժերի համալրում իրականացվելու է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակներում», – նշեց նախարարը` ընդգծելով, որ փորձը ցույց է տվել` ցանկացած իրավիճակում մենք գտնում ենք խելացի լուծումներ:

Որակյալ, գերճշգրիտ, հեռահար տեխնիկական միջոցներ, հատուկ ստորաբաժանումների հատուկ պատրաստվածություն և շարքային զինվոր. Պաշտպանության նախարարը ընգծեց վերջին օրերին քննարկվող ասիմետրիկ սպառազինության մեր միջոցները: Եվ վերադառնալով ավիացիային, նշեց. «ՀՕՊ-ը և ավիացիացիան ԶՈՒ կազմավորման 1-ին իսկ օրվանից կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, հատկապես ՀՕՊ ստորաբաժանումների դեպքում` հակառակորդին խոցելով, վնասազերծելով և հնարավորություն ստեղծելով, որ Հայաստանի և Արցախի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները խաղաղ պայմաններում լինեն»:

Նախարարը նշեց, որ մեր ՀՕՊ համակարգն օրսըստօրե կատարելագործվում է, և այն միջոցները, համակարգերը, որ մենք այսօր ունենք լիարժեք հնարավորություն են տալիս, որպեսզի ընդհանուր համակարգը վերահսկելի լինի: «Դա մենք իրականացնում ենք զենիթահրթիռային համակարգերի կարողությունները զարգացնելով հատկապես լեռնաանտառային պայմաններում: Ստեղծում ենք նաև ճոպանային արգելքների համակարգեր», – ասաց Ս. Օհանյանը:

Նա հատուկ ընդգծեց մեր ռազմական օդաչուների բարձր պատրաստվածությունը. «Նրանք հատուկ հնարքների են տիրապետում, առանձնանում թե՛ անհատական վարպետությամբ, և թե՛ ստորաբաժանումների կազմում` տարբեր բարդ հնարանքներ կատարելով և հատկապես ցածր բարձրությունների վրա և չափազանց արագ ընթացքի մեջ»:

Իսկ օդաչուներից Սարգիս Հակոբյանը PanARMENIAN.Net-ին պատմեց, որ լավ օդաչու լինելու համար առաջին հերթին գիտելիքներ, սառը դատողություն և հայրենասիրություն է պետք: Այս ամենն օդաչուների նոր սերունդը սովորում է Արցախյան պատերազմին մասնակցած ավագներից: Իսկ նրանց պատմություններից. «Ամենահիշվողն ու բոլորի սիրածը մեր օդաչու Մելիքյան Մելիքինն է, երբ պատերազմի ժամանակ նրա ուղղաթիռը խփել են, ինքը կատապուլտ է եղել, ընկել մերոնց ձեռքը: Մերոնք չեն իմացել, որ մեր օդաչուն է: Ծեծ է կերել, մինչև հասկացել են»:

Օդաչու Հակոբյանը դեռ մանկուց է թռիչքների մասին երազել: Առաջինը 1997 թվականին էր. «Այն ժամանակ կուրսանտ էի: Թռիչքը միաժամանակ պատասխանատվություն էր և հաճույք»: Հիմա 1000-ից ավելի թռիչք է կատարել: Արդեն որդի էլ ունի, որ նույնպես օդաչու է դառնալու, և դուստրն էլ:

Վստահ է, որ նրանք լավագույններից կլինեն, որովհետև հայկական ավիացիան է լավագույն մարտական վիճակում. «Կարող ենք կատարել մեզ առաջադրված բոլոր մարտական խնդիրները: Հատկապես, որ շուտով նոր կործանիչներով համալրման ենք սպասում»:

Զրույցի ընթացքում մյուս օդաչուները գործնականում էին ապացուցում ասվածը` ցուցադրելով բարձր պիլոտաժի հնարքներ ու այլ հմտություններ: Իսկ օդանավակայանը մարդաշատ էր: Ուղղաթիռների մոտ էլ փոքրիկները մեծ հերթեր էին գոյացրել` սպասելով ղեկին նստելու իրենց հնարավորությանը: