«Բլումբերգ»-ի ներկայացրած տվյալները` երկրների բարոյականության մասին խիստ կասկածելի են և հնարավոր է, որ վարկանշային նման ցուցանիշներն ու դրանց հրապարակումը պատվեր են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր ասուլիսի ժամանակ նշվածը հիմնավորեց. «Ըստ այդ վարկանիշի ցուցանիշների Վրաստանում թմրամոլները 240-250 հազարն են, Հայաստանում՝ 160 հազար, իսկ Ադրբեջանում, որը նարկոտիկների տրանսֆերի հայտնի տարածք է, ընդամենը 20 հազար թմրամոլ կա:Վրաստանում, իրենց իրավապաշտպանների տվյալներով, թմրամոլների թիվը 400 հազար է, Ադրբեջանում՝ որպես նարկոտրանսֆերի երկիր, և որպես իսլամական երկիր, որտեղ խմելը թույլատրված չէ, բայց ծխելը՝ ոչինչ, հաստատ շատ ավելին է, չի կարող 20 հազար լինել: Իսկ մեր նարկոդիսպանսերում գրանցված է ընդամենը 4300-4400 մարդ, լավ, ասենք, չգրանցվածներն էլ չորս անգամ շատ են, թող լինի՝ 16 հազար մարդ, բայց էդ մյուս զրոն որտեղի՞ց ավելացավ, ես չեմ հասկանում»:
Սոցիոլոգի խոսքով, նույն կերպ որևէ հիմք չունեն հարբեցողների, խաղամոլների մասին տվյալները: Իսկ նման ցուցանիշներ հրապարակելը կարող է միայն միջազգային հանրության առջև Հայաստանին վատ լույսով ներկայացնելու ակնհայտ նպատակ ունենալ:
Հոգեբան Սիրանուշ Գևորգյանը նկատեց, որ եթե Հայաստանին վերագրվող արատների քանակն իրական լիներ, բարձր կլիներ նաև հանցագործությունների քանակական ցուցանիշը, այն դեպքում, որ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկրներից մեկը: «Դեռատի աղջիկները անգամ գիշերային ժամերին հանգիստ կարող են զբոսնել քաղաքում, երեխաները հանգիստ կարող են խաղալ բակերում՝ առանց ծնողների հսկողության, իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ անձի սոցիալական անվտանգությունը բարձր մակարդակի է»,- ասաց Գևորգյանն ու ավելացրեց` պետք է պարզել, թե այդ ինչ պատվեր է իրականացվել, որ մեր և հարևանների տվյալները այդքան կտրուկ տարբերվում են:
Իսկ Ահարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ վարկանշային ցուցակը կազմված է ՄԱԿ-ի և ԱՀԿ ներկայացրած տվյալների հիման վրա, իսկ Ադրբերջանը, օրինակ, անգրագետ ու կիսագրագետ վիճակագրություն է ներկայացնում այդ կառույցներին:





