AM
1 Հուլիս 2013 - 12:21 AMT

Հրանուշ Հակոբյան. Կարևոր է, որ սփյուռքում նոր ծնված երեխաների անունները լինեն հայկական

Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարե Սինանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահական, տնտեսական, հասարակական և այլ ոլորտների հարցեր:

Սփյուռքի նախարարը հյուրին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, հրատարակած գրքերը, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Նախարարը մասնավորապես նշեց. «Խնդրում և միաժամանակ հորդորում եմ, որ ԱՄՆ-ի հայ համայնքում բոլորը խոսեն հայերեն, ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որը նպաստի հայապահպանությանը: Կարևոր է նաև, որ նոր ծնված երեխաների անունները լինեն հայկական: Ավելի ակտիվ մասնակցեք Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին»:

Զարե Սինանյանը շնորհակալություն հայտնեց Հրանուշ Հակոբյանին՝ ջերմ ընդունելության և ԱՄՆ-ի հայ համայնքի հանդեպ մեծ ուշադրության համար: