«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունը կարծում է, որ Երևանի քաղաքային իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հետևողական քաղաքականություն են վարում մայրաքաղաքի պատմությունը փոշիացնելու ուղղությամբ։
«Նարեկ Սարգսյանի նմաններին անհրաժեշտ է անհապաղ հեռացնել Երևանի քաղաքաշինությունն ու ճարտարապետական կերպը վերահսկողի պատասխանատու պաշտոնից, որը նա տարիներ շարունակ չարաշահել և պղծել է՝ մոնոպոլիզացնելով քաղաքաշինության ոլորտը։
Ողջունում ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի բոլոր ջանքերը՝ ուղղված քաղաքային իշխանությունների զտմանն ու մեր քաղաքի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը», – ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:





