AM
2 Հուլիս 2013 - 08:22 AMT

Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է «ատկատների» դեմ պայքարին և ՎՊ հաշվետվությանը

Վերահսկիչ պալատի 2012թ.-ի հաշվատվության գերակշիռ մասը վերաբերում էր շինարարության ոլորտին, մինչդեռ փաստաթղթում նշված է քաղաքաշինական ոլորտ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Նա նշեց, որ Ազգային ժողովում ևս հստակ մանրամասնել է, որ ՎՊ արձանագրած խախտումներն ու բացթողումները վերաբերում են պետական միջոցներով շինարարական աշխատանքներին, այլ ոչ թե քաղաքաշինության ոլորտին: Նախարարը նշեց, որ իրենք ևս ուսումնասիրություններ են կատարել և պարզել են, որ հիմնական խախտումները լիցենզավորված կազմակերպությունների թերի աշխատանքների պատճառով են լինում:

Սամվել Թադևոսյանը հայտնեց, որ պետական բյուջեից հատկացված 6.5 մլրդ դրամից 1 մլրդ դրամն իրենց նախարարությանը հաջողվել է խնայել: «Բյուջեի միջոցներից շինարարական աշխատանքերի ընթացքում տնտեսվել է 15%, որն առաջին հերթին խոսում է «ատկատների» դեմ պայքարի մասին, իսկ առհասարակ սա շատ խորքային խնդիր է»,- ասաց նախարարը:

Նշենք, որ ՎՊ տարեկան հաշվետվությունով բազմաթիվ կոպիտ խախտումներ և չարաշահումներ են բացահայտվել, որոնց մեծ մասը նաև քաղաքաշինության ոլորտում է: