AM
2 Հուլիս 2013 - 11:59 AMT

Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի՝ հետխորհրդային կրթական համակարգից եվրոպականի անցումային փորձը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ, նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունը կրթության և գիտության ոլորտում զարգացում կապրի: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ անցյալ տարի Վիլնյուս կատարած այցի ընթացքում ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր, համաձայն որի՝ իրականացվում են մի շարք կրթական ծրագրեր:Նախարարը նաև նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Լիտվայի՝ հետխորհրդային կրթական համակարգից եվրոպականի անցումային փորձը, ինչպես նաև հաջողությամբ իրականացված մի շարք բարեփոխումներ: «Կրթությունը յուրահատուկ հարթակ է, որտեղ եվրոպական կրթական միջավայրին ինտեգրումը տալիս է առավել շոշափելի արդյունքներ», – նշել է նախարարը:

Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրն Արևելյան գործընկերության շրջանակում իրականացվող համագործակցությունը հռչակել է որպես գերակա ուղղություն՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող բոլոր ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջբուհական համագործակցությանը, ուսանողների փոխանակմանը, կրթաթոշակի տրամադրման ընդլայնմանը,ինչպես նաև «Թուինինգ» և Erasmus for all ծրագրերին առնչվող հարցեր: