Եթե ադրբեջանցիներն ագրեսիվ են, ապա հայերն էլ են ագրեսիվ, պարզապես պակաս չափով, կարծում է «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը: «Երբ հայերը կարդում են Ալիևի հայտարարությունները, բնականաբար անվստահություն ու վախ է առաջանում, բայց ադրբեջանական հասարակությունը նոր պատերազմ չի ուզում, չնայած Ադրբեջանում նոր սերունդն ավելի ագրեսիվ է, քան նրանց հայրերն ու պապերը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբանը:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը չի կարծում, որ երկու երկրների երիտասարդների մոտ ագրեսիան գալիս է նրանց գենետիկայից: Դա առաջին հերթին կախված է այդ հարցում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունից և ցանկությունից` տրամադրել հասարակությանը դեպի խաղաղություն կամ պատերազմ, ասում է քաղաքագետը: «Ադրբեջանը պետական մակարդակով հայատյաց քարոզչություն է տանում իր հասարակության մեջ, ամեն ինչ արվում է այդ գաղափարարը սերմանելու համար: Երիտասարդներին մշակելու ձևերը երկու երկրներում էլ շատ լավ են տիրապետում, բայց Բաքվում ծրագրավորում են երիտասարդությանը, դրանով խորտակելով նրանց: Նրանք հասարակությանը խաղաղության չեն պատրաստում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ Բաքուն պատերազմի քարոզչություն է անում իր քաղաքացիների մոտ, իսկ հայ երիտասարդները շատ ավելի քիչ ագրեսիվ են, տրամադրված են շփումների, երկխոսության: «Հետպատերազմյան շրջանում նույն այդ Ադրբեջանում և երիտասարդությունը, և փորձառու քաղաքական ուժերը, և զինվորականությունը շատ ավելի քիչ ագրեսիվություն էին դրսևորում, որովհետև գիտեին, որ իրենց լավ ծեծլ են ու դուրս են նետել ռազմաճակատի գծից: Նրանք շատ լավ էին դա զգում իրենց մաշկի վրա, հիմա մի քանի տարի է անցել, նրանք ձևացնում են, որ ոչինիչ չի եղել, ուղղակի այլմոլորակայինները իջել են, ինչ-որ բան են գրավել և այլն»,- ասաց քաղաքագետը և նշեց, որ երիտասարդները կրկնում և անում են այն, ինչ մեծերը:





