AM
2 Հուլիս 2013 - 15:32 AMT

«Հարսնաքարի գործ». Պահակը դեպքի օրը Ռ. Հայրապետյանին տեսել է, բայց ցերեկ էր

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել «Հարսնաքարի գործով» դատական հերթական նիստը: Ցուցմունքներ է տվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի պահակ Խաչատուր Սարգսյանը, ով դատարան է հրավիրվել տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի միջնորդությամբ:

Նա նշել է, որ միջադեպի օրն առավոտյան 9.30-ից աշխատել է մինչև հաջորդ օրը՝ 24 ժամ: Շրջիկ պահակ է ու պետք է ուշադիր լիներ, որ գողություն չլինի: Վկան ասաց, որ դեպքի օրը տեսել է Ռուբեն Հայրապետյանին մեկ անգամ, ժամի մասին ավելացրեց, որ լույս էր: Չի նկատել` վարորդը նրա հետ էր, թե ոչ:

Նախաքննության փուլում վկան նշել էր, որ տարածքում տեսախցիկներ կան, բայց տեղյակ չէ` որ ուղղությամբ են նկարահանում, իսկ այսօր ասաց, որ ընդհանրապես չգիտի տեսախցիկներ կան, թե ոչ:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: