AM
3 Հուլիս 2013 - 05:15 AMT

Այսօր ԻԱԿ-ն ու Ազգային ժողովը կհանդիպեն դատարանում

Այսօր՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում մեկնարկում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ընդդեմ Ազգային ժողովի դատական նիստը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն 2013 թ.-ի ապրիլի 8-ին դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:

«Դեռևս 2012 թ.-ի նոյեմբերի 22-ին ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին և խնդրել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները: Երեք ամիս ուշացումով Ազգային ժողովը ԻԱԿ-ին էր ուղարկել թերի պատասխան. բացակայում էին 12 կարգադրությունների պատճենները: 2013 թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկին հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել չտրամադրված կարգադրությունների պատճենները, սակայն ԱԺ-ն հրաժարվեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, թե այդ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ»,- ասված է ԻԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Դիմելով դատարան՝ ԻԱԿ-ը խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները