Հուլիսի 2-ին ԱՄՆդեսպանատունը նշել է Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր են գնահատել հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը, ասվում է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:
Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշել է, որ տարին նշանավորվում է «հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ»: «Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է քաղաքական և դիվանագիտական երկխոսությունը», -ասել է դեսպանը, ապա նշել, որ պետքարտուղար Քերրին անցյալ ամիս Վաշինգտոնում ընդունել է արտգործնախարար Նալբանդյանին ու գոհ է մնացել նրա հետ ունեցած բովանդակալի հանդիպումից: Դեսպանը նաև հավելել է.
«Մեր հիմնական գերակայությունը տնտեսական կապերի խորացումն է առևտրի ու ներդրումների ծավալների մեծացման ու գործարար միջավայրի բարելավման միջոցով: Մենք աշխատում ենք, մեր ժողովուրդների միջև առկա կապերի վրա հիմնվելով, ձևավորել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ»:
Նա ողջունել է ԱՄՆ դեսպանության հետ աշխատող տարբեր կազմակերպություններին, անհատներին, խմբերին ու քաջալերեց, որ նրանք աշխատեն նաև միմյանց հետ: Միջոցառման ժամանակ Երևանում ԱՄՆ դեսպանատանն առաջին անգամ ներկայացվել է ամերիկյան քանթրի երաժշտություն: Հայկական «Իմեջին բենդը» ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցրել է տարբեր երգեր՝ ամերիկյան քանթրի ոճով, իսկ «Նանե» պարային ստուդիան ներկայացրել քանթրի խմբապար:
Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը և Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին:





