Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում արձանագրած թերացումների մեծ մասն ընդունելի և օգտակար է համարում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց նաև, որ դիտողությունների մի մասն էլ առարկությունների է արժանացել, որոնք ներկայացվել են անմիջապես զեկույցը ստանալուց հետո:
«Արձանագրվել են խնդիրներ, բայց բոլոր դեպքերում, խոսել ոլորտում չարաշահումների, յուրացումների ու հափշտակումների մասին, տեղին չէր: Ամեն դեպքում, ՎՊ նախագահը ԱԺ-ում ունեցած իր ելույթում դրական գնահատեց նախարարության աշխատանքը և էական տեղաշարժեր կային նախորդ տարվա հաշվետվությունից հետո»,- ասաց նախարարը:
Իսկ դիտողությունների մեծ մասը վերաբերում է 4 մեծ ծրագրի՝ ավագ դպրոցներ, դպրոցներում ինտերնետի մատակարարում, համաշխարհային բանկի հետ իրականացվող մի շարք ծրագրեր: Պարզաբանելով դպրոցներում ինտերնետի ապահովման նպատակով անհրաժեշտ սարքերի համար հայտարարված մրցույթին ուղղված դիտողությունները` Աշոտյանը նշեց, որ սարքավորումներն ուշացումով են ձեռք բերվել՝ 2011թ-ի դեկտեմբերին և, բնականաբար, դրանք հնարավոր չի եղել նույն տարում տեղադրել: «Ինտերնետ կապի առումով 400-ից ավելի դպրոցների պարագայում ուշացումով է միացվել կապը, որի դեպքում խնայողություններ են առաջացել, որոնք վերադարձվել են բյուջե»,- ասաց նա:
Աշոտյանը խոսեց նաև ավագ դպրոցներում աշակերտների հավելագրման մասին.«Տարիներ առաջ նման դեպքերը շատ էին, իսկ այսօր ավելի քիչ են, որոնք աստիճանաբար կնվազեն»:





