AM
3 Հուլիս 2013 - 13:12 AMT

Մուշում քաղաքաշինական ծրագրի անվան տակ ոչնչացվում են հայկական պատմական տները

Թուրքական մի քանի լրատվամիջոցներ (Բիանեթ, Թայմթուրք, Ռադիքալ) ահազանգում են, որ քաղաքաշինական ծրագրի անվան տակ ոչնչացվում են Մուշի Քալե թաղամասի հայկական պատմական տները:

Ermenihaber.am-ը նշում է, որ մոտ մեկ տարի առաջ Մուշի քաղաքապետարանի ավագանին վավերացրել է հայկական տների քանդման մասին նախագիծը, համաձայն որի դրանց տեղում կառուցվելու են նոր բազմաբնակարան շենքեր: Քանդման ենթակա տների տերերին պետությունը խոստացել է համարժեք փոխհատուցում տալ:

Իշխանությունների այդ ծրագրին, սակայն, թաղամասի բնակիչների մի մասը դժգոհությամբ է արձագանքել: Օրինակ` Մշո Քալե թաղամասում ծնված-մեծացած 39-ամյա Էրջան Չեթեն ընդդիմանում է և ապամոնտաժողներին թույլ չի տալիս քանդել 148 տարվա պատմություն ունեցող իր տունը:

«Բիանեթ»-ի թղթակցի հետ զրույցում Չեթեն պատմել է, որ իր տունը պատմական արժեք ունի և քաղաքապետարանից պահանջել է չքանդել այն: Նույնիսկ դիմում է ուղարկել նահանգապետարան, բայց պատասխան չի ստացել:

«Մեր տները վթարային հյուղակներ են» ասելով` ցանկանում են քանդել: Ես օսմանական կառավարության սեփականության վկայական ունեմ»,- նշել է Էրջան Չեթեն` հավելելով, որ վճռական է տրամադրված ու ամեն գնով պայքարելու է, որ չքանդեն իր տունը:

Պարզվել է, որ Քալե թաղամասի 350 տներից առայժմ քանդման ենթակա ցուցակի մեջ է ներառվել 19 տուն: Իսկ հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատան հետագա ճակատագիրը դեռևս անորոշ է մնում: