Նախօրեին տեղի է ունեցել Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ ԱԺ-ի դատական գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում դատարանը որոշել է ևս մեկ նախնական դատական նիստ նշանակել, որպեսզի ԱԺ-ն հաջորդ նիստի ժամանակ դատարան ներկայացնի վիճահարույց 12 կարգադրությունների պատճենները` աշխատակիցների անունները ծածկած, որպեսզի դատարանը կարողանա պարզել արդյոք այնտեղ իսկապես կա անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն, թե ոչ: Այս մասին տեղեկանում ենք ԻԱԿ կայքից:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը ՀՀ Ազգային ժողովին խնդրել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները, սակայն ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել դրանց մի մասը` պատճառաբանելով, թե այդ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:
«Այն, որ ԱԺ-ն պատրաստ է կարգադրությունները ներկայացնել դատարան, արդեն իսկ ցույց է տալիս, որ ԻԱԿ-ին կարգադրությունների պատճեններն ի սկզբանե չտրամադրելը եղել է ոչ իրավաչափ: Մեր նման եզրահանգման պատճաը հետևյալն է. այն, որ ԱԺ-ն դատարանում կարող է ներկայացնել կարգադրությունները` ԱԺ-ի աշխատողների անունները ծածկած, ինքնին վկայում է, որ այդ տեսքով կարգադրությունների հրապարակումը չի ոտնահարում որևէ մեկի անձնական կյանքի անձեռնմխելիությունը, չի բացահայտում որևէ մեկի վերաբերյալ անձնական տվյալ. չէ որ աշխատողների անունները ծածկված են և ենթակա չեն նույնականացման, այսինքն, ըստ էության բացակայում է անձը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ»: Այսինքն, ԱԺ-ն պարտավոր էր ԻԱԿ-ին տրամադրել կարգադրությունների պատճենները ԱԺ-ի աշխատողների անունները ծածկելու միջոցով (այն է` անունների տրամադրումը մերժելու դեպքում տրամադրեր տեղեկությունների մյուս մասը): Այսպիսով, պետական մարմինների հրապարակայնության և թափանցիկության սկզբունքին համահունչ կլիներ, եթե ԱԺ-ն կարգադրությունները` ԱԺ-ի աշխատողների անունները ծածկած, ԻԱԿ-ին ներկայացներ ի սկզբանե, այլ ոչ դատարանում»,- ասված է ԻԱԿ հաղորդագրության մեջ:





