Զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանն այսօրվանից նստացույց է սկսել Կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ զինդատախազության վերջին հայտարարության դեմ՝ պահանջելով ուսումնասիրել ոչ թե 2011թ․ հունվարից հետո, այլ 1994թ․՝ հրադադարից հետո ԶՈՒ-ում արձանագրված մահվան ելքով չբացահայտված քրեական գործեր։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ չի դադարեցնելու նստացույցը քանի դեռ իր պահանջները չեն բավարարվել։
«Քրեակատարողական հիմնարկները լիքն են անմեղ զինվորներով ու սպաներով, իսկ զինդատախազ Գևորգ Կոստանյանը միանձնյա որոշումներ է կայացնում։ Պահանջում ենք հարգել սպանված զինվորների մայրերին ու նրանց վիշտը, բացահայտել մեր որդիների սպանությունները, պատժել մեղավորներին», – ասաց նա ու ավելացրեց, որ նստացույցը սկսել է ոչ թե իր գլխավորած ՀԿ, այլ միայն իր անունից։
Հիշեցնենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո:





