Գորիսի միջադեպի գործով գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը, որը երեկ ստացվել էր Գլխավոր դատախազություն, մակագրվել և ուղարկվել է զինվորական դատախազություն: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ այս կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103 հոդվածով։ Ըստ այդ հոդվածի քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողություններն ու որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին:
Հայկ Ալումյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով գլխավոր դատախազության քայլը, նշեց․ «Եթե զինդատախազությունն օրենքով սահմանված այնպիսի ընթացք չտվեց բողոքին, որ մեզ կբավարարի, ես կշարունակեմ։ Եթե հիմա բողոքում եմ քննիչի, այդ ժամանակ կբողոքեմ արդեն դատախազի գործողությունների դեմ»։
Փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը ՊՆ քննչական ծառայության որոշման դեմ էր, որով հետաձգվել էր Արտակ Բուդաղյանին գործով որպես տուժող ճանաչելու մասին միջնորդությունը` անհրաժեշտ քննչական միջոցառումներ իրականացնելու հիմնավորմամբ: Ալումյանի խոսքով, արդեն գոյություն ունեցող փաստերի հիման վրա պետք էր Արտակ Բուդաղյանին ճանաչել տուժող, ոչ թե հետաձգել։
Գորիսի միջադեպի գործով հարուցվել է քրգործ, կալանավորված են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից մյուսը՝ Նիկոլայ Աբրահամյանը, հարցաքննվել են:





