Հայաստանում օրենքներ կան, որոնք ոչ թե պաշտպանում են մարդու իրավունքները, այլ այնքան ծակուծուկեր ունեն, որ ոտնահարում են դրանք: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ մշակվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն, որի ստեղձմանը մասնակցել են եվրոպական և հայստանյան կազմակերպությունների ու տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Նա նշեց, որ նոր ստեղծված հանձնաժողովն ահռելի աշխատանքներ ունի կատարելու: «Շատ հաճախ մարդու իրավունքները խախտում են պետական մարմինները և այս հանձնաժողովը դառնալու է մի օղակ, որտեղ կքննվեն նման դեպքերը: Այս հանձնաժողովի անդամները ներկայացնում են բոլոր գերատեսչությունները և պետք է պատասխան տան իրենց ոլորտում առկա խնդիրների, քայլերի և սպասվող նախաձեռնությունների մասին: Պատրաստվում ենք դիտարկումներ անցկացնել տարբեր կառույցներում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի շուրջ»,- ասաց ԱԱԽ քարտուղարը:
Նա հայտնեց, որ այս պահին կառավարության օրակարգում ևս դրված է մարդու իրավունքների վերաբերյալ ծրագիր, որը մինչև սեպտեմբեր ակնկալվում է, որ կընդունվի: ԱԱԽ քարտուղարն ընդգծեց, որ դրան զուգընթաց բազմաթիվ քայլեր են արվելու: «Մենք շատ լավ դաշինք ենք ձևավորել, այս հանձնաժողովի կազմում մի շարք կարևոր միջազգային, տեղական կառույցների ներկայացուցինչներ կան»,- ասաց Արթուր Բաղդասարյանը և հույս հայտնեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները կլինեն արդյունավետ:
Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խոսքում նշեց, որ մեծ ակնկալիքներ են կապում այս հանձնաժողովի հետ: «Ընդունվել է մի ռազմավարություն, որը ողջունել են շատ կառույցներ, դա հենք է աշխատանք կատարելու համար: Դա անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Անհրաժեշտ է նաև կառավարության ծրագիր, որը ստեղծման փուլում է, առաջիկա շաբաթներին, եթե կառավարությունը չընդունի այդ փաստաթուղթը դժվար կլինի արդյունավետ շարունակել այս աշխատանքները»,- ասաց օմբուդսմենը:
Նա ընդգծեց, որ մարդիկ շարունակում են դժգոհել և ասում են, որ կան հարյուրավոր խնդիրներ, դրանք տագնապեցնող են: Կարեն Անդրեասյանի խոսքով՝ իշխանությունները կարող են տասնյակ քայլեր թվարկել, որ կատարել են, իրենք երկու կողմին էլ հավատում են, բայց խնդիրը կիսաքայլերի մեջ է: «Դանդաղ շտապելը բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեջ հիասթափեցնող, հաջախ վրդովեցնող են: Կիսաքայլերը կարող են մեղմել դժգոհությունը, իսկ խնդիրը դա վերացնելն է: Կիսաքայլ է ունենալ գեղեցիկ դատարանի շենք, այդ դատարանում պետք է լինի արդարություն: Այս կիսաքայլերից խուսափելու համար է հանձնաժողովը»,- ասաց ՄԻՊ-ը:
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի 2013թ-ի փետրվարի հրամանագրով` Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով: Հանձնաժողովի հիմնական նպատակներն են մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ պետական մեխանիզմների հաստատումը և դրանց իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, մարդու իրավունքների հարցերով զբաղվող պետական կառույցների և քաղաքացիական հասարակության օժանդակության ապահովումն ու շահագրգիռ հաստատությունների աշխատանքների համակարգումը: Հանձնաժողովի նախագահն է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ավելացնենք, որ հանձնաժողովի կազմում են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, Եվրախորհրդի ու ԵԱՀԿ գասենյակները և այլն:





