Այսօր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դալիճում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի երրորդ փուլին մասնակցում է շուրջ 170 երիտասարդ Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իսրայելից և Բելառուսից:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին, ովքեր լսել են ՀՀ սփյուռքի նախարարության կանչը և իրենց զավակներին ուղարկել Հայաստան: «Մենք անսահման շնորհակալ ենք նաև մեր հյուրընկալ ընտանիքներին, ովքեր 10 օր շարունակ պահում և հոգ են տանում օտար ափերից հայրենիք ժամանած պատանիներին և աղջիկներին», – ասել է նախարարը՝ հավելելով. «Շնորհակալ ենք հատկապես Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզպետարաններին և Երևանի վարչական շրջաններին, որոնք սիրով իրենց դռներն են բացում մեր մասնակիցների առաջ»: Նա հայտնել է, որ մասնակիցների համար կազմակերպվել են Մայրենիի դասընթացներ. «Հաջորդ ուրբաթ մենք կհանդիպենք և կտեսնենք, թե ձեզանից ով՝ որքան է հայերեն սովորել»:
Ելույթներով հանդես են եկել Վրաստանի, ԱՄՆ-ի Իսրայելի, Գերմանիայի ներկայացուցիչները, իսկ մասնակիցների մի մասի` հայրենիքում կնքվելու ցանկությանն ի պատասխան ՀՀ սփյուռքի նախարարն առաջարկել է Խոր Վիրապում կնքել բոլորին:





