«Փոստմոբիլ» փոստային ծառայությունների նոր համակարգը պիլոտային է, այն մեկնարկել է Արագածոտնի մարզում և աշխատելու է փոստատարներին զուգահեռ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Ուսումնասիրություն է իրականացվել և ընտրվել են այնպիսի գյուղեր, որտեղ փոստային բաժանմունքներ չկան կամ եղածները ոչ լիարժեք փոստային ծառայություններ են տրամադրում»,- ասաց նա:
Գևորգ Աբրահամյանը հայտնեց, որ «Փոստմոբիլ» ծառայություններ տրամադրող մեքենան սահմանված ժամանակացույցով` շաբաթը երեք անգամ, այցելելու է գյուղեր և ըստ դրանց բնակչության քանակի մնալու է այնտեղ 30 րոպեից մինչև 1 ու կես ժամ, որի ընթացքում գյուղացիները կկարողանան ստանալ և իրենց թոշակները, և այլ փոստային ծառայություններ»,- ասաց նա: «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ այժմ փոստատարները չեն բաժանելու թոշակ և չեն ընդունելու կոմունալ վճարումներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արագածոտնի մարզի Ափնա գյուղի մոտ մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Վանաձոր-Երևան ճանապարհը: Բնակիչները դժգոհում են թոշակի բաժանման կարգից: Նրանք ասում են, որ այդ մեկ ժամվա ընթացքում չեն հասցնում ստանալ իրենց թոշակները և պահանջում են վերադառնալ հին կարգին:





