AM
10 Հուլիս 2013 - 12:46 AMT

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպանին

Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում:

Զրույցի ժամանակ Վեհափառ Հայրապետը և ՀՀ-ում Լիտվայի դեսպանն անդրադարձան երկու ժողովուրդների բարեկամական կապերին, պետությունների դիվանագիտական հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը` դրանում կարևորելով նաև Լիտվայի հայկական համայնքի դերը:

Մասնավոր անդրադարձ կատարվեց նաև Հայ Առաքելական Եկեղեցու և քույր Եկեղեցիների հարաբերություններին: