Հուլիսի 9-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ «Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում» խորագրով գործարար համաժողով:
Համաժողովին, որի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, «Global Business Services» իտալական կազմակերպությունը և Զարգացման հայկական գործակալությունը, մասնակցեցին զբոսաշրջության, դեղագործության, հաստոցաշինության, ապահովագրության, սննդի վերամշակման, փոստային ծառայությունների, կահույքագործության ոլորտներում ներգրավված շուրջ 60 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա բիզնես միջավայրը, Հայաստանի արտահանման/ներմուծման ցուցանիշները և հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային և մաքսային քաղաքականությունը, բիզնեսի զարգացման և ներդրումների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով կատարելագործվող իրավական դաշտը, ինչպես նաև Հայաստանում ստեղծված ազատ առևտրի գոտիների համատեքստում բիզնեսի զարգացման հնարավորությունները: Համաժողովի ընթացքում մասնակիցները տեղեկացվեցին հայաստանցի գործարարների հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով «Global Business Services» կազմակերպության նախաձեռնությամբ անցած տարվա սեպտեմբերից մեկնարկած իտալացի գործարարների` Հայաստան կազմակերպվող պարբերական բիզնես-առաքելությունների մասին:
Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը անդրադարձավ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումներին` ընդգծելով միջազգային տնտեսական և վարկանիշային հեղինակավոր հաստատությունների ու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրվող գնահատականների դրական դինամիկան:
ՀՀ դեսպանը նաև կարևորեց ԵՄ հետ Հայաստանի համագործակցության հետագա խորացումը, անդրադարձավ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ վարվող բանակցային գործընթացի ավարտական փուլին, ընդգծեց, որ համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի նաև հայ-իտալական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:





