Հայերը կրճատվող ազգերի ցուցակում են, ահազանգում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա մտավախություն հայտնեց, որ 2100 թվականին Հայաստանը կունենա 1,5 միլիոն, լավագույն դեպքում 1,7 մլն բնակիչ:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ըստ աճող երկրների ստանդարտի` մեկ կինը պետք է երկուսից ավելի երեխա ունենա, այնինչ մեզ մոտ այդ թիվն այժմ երկուսից ցածր է թե գյուղերում, թե քաղաքներում: «Մեզ ապագայում ոչ մի ուրախալի բան չի սպասում: Մենք պատերազմող երկիր ենք և մեր զինվորների թվաքանակը կարող է կտրուկ նվազել: Արդյունքում կարող ենք նաև անվտանգության խնդրի առաջ կանգնել: Սպասում ենք, որ կգա մի կառավարություն, կուսակացություն, որն ազգագրական քաղաքականությունը կդարձնի գերակայող և առանցքային»,- ասաց նա:
Սոցիոլոգը նկատեց, որ հաճախ կանայք, վախենալով ապահարզանից, քիչ երեխաներ են ծնում. «Երեք երեխա ունեցող ընտանիքների 100-ից 2-ը կարող են դիմել ապահարզանի, այնինչ մեկ երեխայի դեպքում ռիսկը բարձրանում է մինչև 90%-ի: Հետևաբար, եթե մայր եք դարձել, գոնե 3 երեխա ունեցեք, որ ձեր ամուսինները մնան ընտանիքներում»: Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ մեր հարսնացուները ծերացել են 4-5 տարով, իսկ փեսացուները՝ 6 տարով:





