AM
11 Հուլիս 2013 - 10:02 AMT

Սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության մասնագետները Շիրակի և Լոռու մարզերում

Օրերս Շիրակի և Լոռու մարզեր էին այցելել ԱԻՆ աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության Սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչության մասնագետները: Նրանք ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարների ուղեկցությամբ ստուգողական այցեր են կատարել Գյումրի, Ախուրիկ, Շիրակամուտ և Վանաձոր համալիր դիտակետեր: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:Շրջայցի նպատակը ՀՀ մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների ներառման ընթացքին հետևելն էր: Հանդիպումներ և քննարկումներ են եղել Շիրակի և Լոռու մարզպետարանների՝ մարզերի զարգացման ծրագրերի կազմման պատասխանատու մասնագետների հետ. հարցի կարևորությունը ներկայացվել է մարզպետարանների քաղաքաշինության վարչությունների աշխատակիցներին, տրվեցին բացատրություններ և ցուցումներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզերի (համայնքների) առաջիկա զարգացման ծրագրերի կազմման ընթացքում ԱԻՆ կներկայացվեն սահմանված կարգով հաստատված հայտեր, որոնց հիման վրա մարզերին (համայնքներին) «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կողմից կտրվեն սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձև:

Նախատեսվում է նմանատիպ խորհրդատվություն անցկացնել նաև ՀՀ մյուս մարզերում: