AM
11 Հուլիս 2013 - 10:51 AMT

Ստորագրահավաք արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով. Մայր աթոռն անընդունելի է համարում

«Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ ստորագրահավաք է կազմակերպում Արարատյան հայրապետական թեմի փոխանորդական առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով` ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Ստորագրահավաքն անցկացվելու է hուլիսի 12-ից սկսած` ամեն օր` առավոտյան ժամը 10:00-ից մինչև 21:00-ը, Հյուսիսային պողոտա-Թումանյան խաչմերուկում:

«Նավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը:

Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և, եթե Կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հրավիրում ենք Հայ եկեղեցու ճակատագրով բոլոր մտահոգ մարդկանց վաղվանից սկսած մասնակցելու ստորագրահավաքին», – ասված է հայտարարության մեջ: Կոչի տակ արդեն կա 2500-ից ավելի ստորագրություն` հավաքված հուլիսի սկզբից: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ ստորագրահավաքն անընկալելի ու անընդունելի է համարում. «Առանց որևէ փաստ, ապացույց ունենալու նման բան են նախաձեռնում: Մարդկանց մոլորության մեջ են գցում ու անհարկի հուզումներ առաջացնում»: