AM
12 Հուլիս 2013 - 13:39 AMT

Օտարագիր հայ գրողները հավաքվել են Ծաղկաձորում

Հուլիսի 11-ին Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության «Օտարագիր հայ գրողների 5-րդ համաժողովը», որին մասնակցում է 71 գրող Հայաստանից, Սփյուռքից և Արցախից, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Բացման խոսքով Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա նշեց. «2005 թվականից պարբերական է դարձել այսպիսի համաժողովների կազմակերպումը: «Մենք փորձում ենք առավել ամրապնդել Հայաստան-Սփյուռք միասնական գրական դաշտը: Մեր օտարագիր գրողները թարգմանվում և տպագրվում են հայերեն: Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը կազմակերպչական հարցերում մշտապես աջակցելու և մեր կողքին կանգնելու համար, ինչի արդյունքում մեծացել է Հայաստան այցելող մեր հեղինակների երկրների աշխարհագրությունը: Դրա վառ ապացույցն այն է, որ այս համաժողովին մասնակցում է 20 նոր բանաստեղծ»:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:

«Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության այս համատեղ ծրագիրը կոչված է նպաստելու օտարագիր հայ գրողների ներուժի համախմբմանը, նրանց ստեղծագործությունների ճանաչողության ընդլայնմանը, Հայրենիքի հետ հայ գրողների կապի ամրապնդմանը», – նշված էր նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքում:

Նախարարը հորդորել է լինել միասնական համազգային հիմնահարցերի բարձրաձայնման առումով և համոզմունք հայտնել այն մասին, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով օտարագիր հայ գրողներից շատերը կստեղծեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ներկայացնող գործեր:

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, փոխանցելով կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը, կարևորեց համաժողովում միմյանց հետ շփումների հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը նման համաժողովի կազմակերպման համար՝ ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը նշեց, որ դժվար է Սփյուռքում հայ մնալ և այս առումով շատ կարևոր է օտարագիր գրողների դերը Սփյուռքի համայնքներում նոր սերնդի հայեցի դաստիարակման գործում: Արփի Վարդանյանը նշեց նաև, որ ՀԲԸՄ-ն մշտապես սիրով է հովանավորում նման նախաձեռնությունները:

Ելույթներով հանդես եկան ԱՄՆ-ից անվանի հայ գրող Փիթեր Սուրյանը, Փարիզից Ջուլիետ Գրիգորյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, Բ.Գ.Դ. պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը:

Վիլյամ Սարոյանի ստեղծագործության մասին զեկույցով հանդես եկավ գրող, հրապարակախոս Արտեմ Հարությունյանը, իսկ «Միրի» վեպը ներկայացրեց Փիթեր Սուրյանը:

Օրվա երկրորդ հատվածում համաժողովի մասնակիցները կդիտեն նաև Վոն Փիլիկյանի «Վեհաժողով երկու» ֆիլմը, կայցելեն Կեչառիսի վանական համալիր: