AM
15 Հուլիս 2013 - 08:28 AMT

Ահազանգ. Մեղրաձորի ջրվեժը չորանում է

Համահայկական բնապահպանական ճակատը հերթական ահազանգն է ստացել փոքր ՀԷԿ-երի շահագործման հետևանքով գետերի չորացման վերաբերյալ:

ՀԲՃ-ից հայտնում են, որ բնապահպանները 2013 թ. հունիսի 23-ին գնացել են Կոտայքի մարզի Մեղրաձորի երբեմնի ջրառատ ջրվեժ: Սակայն, հասնելով տեղ, տեսել են, որ որ ջրվեժի փոխարեն մնացել է մի բարակ առու: Պատճառը պարզելու համար բարձրացել են գետի վերին հոսանքները և տեսել, որ այնտեղ կառուցված է փոքր ՀԷԿ:

«Հերթական անգամ ականատես ենք լինում այսպիսի աղետալի վիճակի, ինչը շահագործողների անկշտության և բնապահպանական վերահսկողության բացակայության արդյունք է: Հասկանում ենք նաև, որ ՓՀԷԿ-երի առաջ բերած բնապահպանական խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, և անհրաժեշտ է անհապաղ մշակել այդ ոլորտը կարգավորող գիտականորեն հիմնավորված էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական չափորոշիչներ:

Մեկ անգամ ևս կոչ ենք անում ՀՀ կառավարությանը անհապաղ միջոցներ ձեռք առնել այդ չափորոշիչները մշակելու ուղղությամբ, իսկ մինչ այդ դադարացնել նոր ՓՀԷԿ-երի շինարարությունը: Այս ահազանգը փոխանցում ենք բնապահպանության նախարարությանը`հորդորելով ձեռք առնելու համապատասխան միջոցառումներ»,-սաված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության մեջ: