Այսօր Արարատի մարզի Դալար գյուղի ջրանցքում գյուղացիները մեծ թվով սատկած ձկներ են հայտնաբերել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Դալարի գյուղապետ Գագիկ Ալեքսանյանը,ձկների սատկելու պատճառը դեռ հայտնի չէ, բայց գյուղացիները կասկածներ ունեն, որ «Արտաշի» գինու գործարանից ջրանցք կեղտաջրեր են լցվել, ինչն էլ կարող է ձկների սատկելու պատճառ լինել:
Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղացիներից միայն մեկն է գիշերվա ընթացքում այդ ջրով ոռոգել իր հողամասը և նախապես տարածված լուրերն այն մասին, որ հեկտարներով ցանքատարածքներ են ջրվել և բերքը փչացել է, իրականությանը չի համապատասխանում.
«Մի քանի մետր է ջրվել ու դեռ հայտնի էլ չի՝դա բերքին վնաս կհասցնի թե՝ չէ, այս պահին պարազապես հայտնի է ու ձկները սատկել են ու դեռ պետք է պարզել, թե ինչու: Բոլոր խոսակցությունները ենթադրություններ են, որևէ մեկը հստակ չի կարող ասել, ինչն է եղել պատճառը: Բերքի փչանալու մասին լուրերը հեքիաթ են, աղետ չի լինի»,-ասաց գյուղապետը:





