2013 թ.-ի ապրիլի 3-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը և խնդրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Հարցումն ուղարկելուց 16 օր հետո նախարարությունը անհիմն մերժում էր տրամադրել` պատճառաբանելով, որ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք այն կազմակերպությունների վերաբերյալ, ում հետ կնքվել են պայմանագրերը:
Մատնանշելով մերժման անհիմն լինելը` ԻԱԿ-ը 2013թ.-ի հունիսի 24-ին կրկնակի հարցմամբ էր դիմել նախարարությանը` ևս մեկ անգամ խնդրելով տրամադրել նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները: Այս պատասխանը ևս համարվել է անհիմն մերժում, քանի որ նախարարությունը հայտնել է տվյալներ նախարարության կնքած պայմանագրերի վերաբերյալ, սակայն պայմանագրերի պատճենները կրկին չի տրամադրել: Նախարարությունը հայտնել է, որ կնքել է 19 պայմանագիր, իսկ իր կնքաց այդ պայմանագրերից 4-ը տեղադրել է նաև ՀՀ կառավարության կայքում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնից հայտնում են, որ թեև 2013թ.-ի 2-րդ եռամսյակում տեղեկություն տնօրինող տարբեր մարմինների ուղարկել է տեղեկություն ստանալու 65 հարցում (այդ թվում` կրկնակի հարցումներ), սակայն տեղեկություն տնօրինող բոլոր մարմիններն էլ արձագանքել են ԻԱԿ-ի հարցումներին` առաջին կամ կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան:
«Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, սև ցուցակում չեն արտացոլվում: Ուստի 2013թ.-ի հուլիսի 1-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Սև ցուցակը կազմելու է խստացված չափորոշիչներով»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:





