Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնել կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման կապակցությամբ:
«Պատահականություն չենք համարում, որ հակաժողովրդական այդ որոշումը կայացվել է ամառային արձակուրդների շրջանում, երբ ժողովրդի ներկայացուցչական մարմինները՝ Ազգային ժողովը, Երևանի ավագանին, արձակուրդի մեջ են, և մինչև սեպտեմբեր հերթական նիստով դրանց արձագանքելու հնարավորություն չունեն:
Երևանի քաղաքապետը անհաջող փորձ է կատարում ուղեվճարի թանկացման որոշումը հընթացս լեգիտիմացնել թեպետ կարևոր, բայց ոչ առաջնային այնպիսի կոսմետիկ փոփոխությունների միջոցով, ինչպիսիք են՝ վարորդներին սափրել-հագցնելը, GPS համակարգի ներդրումը, «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից «ստուգայցերը»՝ իբրև թե ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով: Չհերքելով նման փոփոխությունների անհրաժեշտությունը՝ արձանագրում ենք, որ դրանք չեն հիմնավորում և արդարացնում ուղեվարձի՝ 50 դրամով թանկացումը:
«Բարև Երևան» խմբակցությունը համոզված է, որ հատկապես մայրաքաղաքային տրանսպորտի ոլորտում առկա են հնարավորություններ՝ ուղեվարձի թանկացումից խուսափելու և աղքատացած հասարակության ուսերին նոր բեռ չդնելու համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը բացահայտ խոսի այն կոռուպցիոն-արատավոր շղթայի մասին, որն առկա է սույն ոլորտում, պայմանավորում է ներկայիս ուղեվարձի գինը և որում ներքաշված է Երևանի քաղաքապետարանն ի դեմս «Երևանտրանս» ՓԲԸ-ի»:
Խմբակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ տարիներ շարունակ ուղևորափոխադրում կազմակերպող կազմակերպությունների հետ «Երևանտրանս» ՓԲԸ-ի կնքած պայմանագրերով յուրաքանչյուր փոխադրամիջոցից ամսական գանձվում է 16,500 դրամ՝ որպես չվացուցակների և չվերթերի վերահսկողության ու սպասարկման վարձավճար, այն դեպքում, երբ դա, ՀՀ կառավարության 2001թ. 762 որոշման համաձայն, իրականացվում է փոխադրողի կողմից:
«Այդ կազմակերպությունը յուրաքանչյուր փոխադրամիջոցի համար օրական ևս 300-500 դրամ է շորթում իր կողմից ներմուծված միջանկյալ՝ երրորդ ենթակարգավարի կողմից կեղծ չվացուցակներ «կնքելու» դիմաց. պետական մակարդակով այսպիսի բացահայտ դրամաշորթությունները առանց այդ էլ անհարկի բարձրացրել են հասարակական տրանսպորտի ուղեվարձը, և այժմ դրանք հանելով՝ քաղաքային իշխանությունները կարող էին խուսափել ուղեվարձի թանկացման որոշում կայացնելուց, իշխանությունները կարող էին նաև դիտարկել ուղևորափոխադրողներին հարկային արտոնություն տրամադրելու հարցը՝ նրանց ազատելով կամ էապես նվազեցնելով փոխադրամիջոցների համար սահմանված արտոնագրային վճարները, որոնք ներկա դրությամբ ամսական կազմում են 44.000 դրամ ավտոբուսների և 33.000 դրամ՝ միկրոավտոբուսների համար:
Կառավարությունը կարող էր նաև դիտարկել հասարակական տրանսպորտի սուբսիդավորման կամ վառելիքի համար դոտացիա տրամադրելու հնարավորությունները:
Սակայն ոչ կենտրոնական, ոչ էլ քաղաքային իշխանությունները թվարկված որևէ տարբերակ չքննարկեցին ու չդիտարկեցին, որպեսզի հասարակությունն ուղղակիորեն չզգա գազի գնի բարձրացման հետևանքները:
«Բարև Երևան» խմբակցությունը իշխանություններից պահանջում է հանգամանալից հիմնավորում և հաշվարկ, թե ինչու պետք է ուղեվարձը թանկանա հենց 50 դրամով, կոչ է անում Երևանի ավագանու ՀՀԿ-ական մեծամասնությանը, ԲՀԿ խմբակցությանը՝ համատեղ Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել հասարակական տրանսպորտի ուղեվարձի և ոլորտի անհապաղ արդիականացման օրակարգային հարցերով և կոչ է անում Ազգային ժողովի մեծամասնությանն ու «Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ խմբակցություններին՝ հրավիրել նույն օրակարգով ԱԺ արտահերթ նիստ կամ կազմակեպել խորհրդարանական լսումներ»,-ասված է«Բարև Երևան» խմբակցություն տարածած հաղորդագրության մեջ:





