ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ և քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Ի թիվս այլ խնդիրների` Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկացել է մեկնել Մոսկվա և տեսակցել հորը` համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում:
Հաշվի առնելով, որ Հրաչյա Հարությունյանի ընտանիքն այս պահին գտնվում է ֆինանսական ծանր վիճակում՝ Հարությունյանների ճակատագրով մտահոգված մարդիկ (նրանցից շատերը այս օրերին զանգահարում և գրում էին Օմբուդսմենին), կարող են Մոսկվա մեկնելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար դրամ փոխանցել Հարությունյանների օգնության համար բացված հաշվեհամարներին. 24105013280200 դրամ/AMD, 24105013280201 ԱՄՆ/USD, 24105013280202 Ռուբլի/RUR: Ցանկացողները կարող են կապվել նաև Հրաչյա Հարությունյանի դստեր հետ` +374 95 13-30-48 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:





