AM
18 Հուլիս 2013 - 14:33 AMT

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին

Հուլիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:

Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրել է սիրիահայերի հիմնախնդիրները, ՀՀ իշանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը:

Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը նշել է, որ հայ-բրիտանական հարաբերություններում նշանակալից ավանդ ունի Մեծ Բրիտանիայի հայ համայնքը: «Մենք ունենք հայեր, ովքեր շատ ակտիվ և փայլուն են իրենց դրսևորում Անգլիայի հասարակական, քաղաքական, գործարար և մշակութային կյանքում: Մեր հանդիպման ընթացքում ցանկանում եմ քննարկել սիրիահայերի հարցը, որը շատ կարևոր է և հրատապ»,- ասել է նա:

Հկոբյանը նշել է, որ այսօր սիրիահայերը ի թիվս այլ խնդիրների ունեն առավել հրատապ խնդիր՝ դա նրանց կացարան ունենալու հարցն է: Այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակ քաղաքում տարածք է տրամադրվել «Նոր Հալեպ» անվան թաղամաս հիմնելու համար:

Բնակություն հաստատելու համար արդեն հերթագրվել է 300 սիրիահայ: Սակայն միայն կառավարության կողմից հատկացվող և սիրիահայերի կողմից տրվող գումարներով բավական չէ հոգալ թաղամասի կառուցման բոլոր ծախսերը: «Մենք գիտենք, որ Եվրամիությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում Թուրքիա, Լիբանան, Հորդանան տեղափոխված սիրիացիներին, սակայն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում ընդունել ենք 10000 սիրիահայերի և միջազգային կառույցներին ֆինանսավորման համար չենք դիմել և օգնություն չենք ստացել: Երկրորդ օժանդակությունը ես ակնկալում եմ Մեծ Բրիտանիայի իշխանություններից, որոնք նույնպես կարող են մեզ օգնել իրականացնելու այդ թաղամասի հիմնումը: Հուսով եմ իմ խնդրանքն ու կոչը անարձագանք չեն մնա»,- ասել է նախարարը:

Իր խոսքում Քեթրին Ջեյն Լիչին նշել է, որ Եվրոպական մի շարք երկրների կառավարություններ օժանդակել են սիրիացիներին, և Հայաստանում ապրող սիրիահայերն էլ ունեն նման օգնության կարիք. «Հուսով եմ կկարողանանք օգնել նրանց: Ես հասկանում եմ, որ սա կարևոր քաղաքականություն է և իսկապես լուրջ ներդրումների կարիք ունի»: