AM
19 Հուլիս 2013 - 13:29 AMT

Արցախում գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում ֆինանսական միջոցներ են վերաբաշխվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ:

Գործադիր իշխանության հավանությանն է արժանացել ԼՂՀ նախագահի կարգադրության նախագիծը ԼՂՀ իրավական և դատական բարեփոխումների 2013-2017թթ.ռազմավարական ծրագրի վերաբերյալ:

Կառավարության անդամների քննարկմանը ներկայացվել է «Իրավական ակտերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բոլոր իրավական ակտերին տալ վերնագրեր` օրենքի որոշ դրույթները հստակեցնելու նպատակով: Օրինագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը:

Պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են վերաբաշխվել գյուղատնտեսական ծրագրերի և միջոցառումների շրջանակներում: Գործադիրը փոփոխություն է մտցրել «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու» կարգում, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու մասին որոշման մեջ: