Այսօրվանից մեկնարկում է և մեկ շաբաթ կշարունակվի Սևանա լճի ստորջրյա ավազանի չորրորդ գիտահետազոտական արշավը :
Ֆրանս-հայկական այս առաքելությունն իրականացվում է ծրագրի երկու ղեկավարների` Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող) և Ստեփան Կոջայանի կողմից` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից գիտահետազոտական ինստիտուտների և Երևանի Պետական Համալսարանի դասախոս-գիտաշխատողների, ինչպես նաև «Սևան Ազգային պարկի» և այլ պետական մարմինների սերտ համագործակցությամբ, որոնք աշխատում են Սևանա լճին առնչվող հարցերի շուրջ:
Ստորջրյա այս ուսումնասիրությունների նպատակն է` ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, ինչպես նաև շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրությունը: Հետազոտությունների նպատակն է` վեր հանել լրացուցիչ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումներին կամ երկրաբանական ուսումնասիրություններին, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ:
Առնչվող բնագավառներն են` հիդրոերկրաբանությունը, ձկնաբուծությունը, երկրաբանական գիտությունները, բնապահպանությունը, հնագիտությունն ու ազգագրությունը, քարանձավագիտությունը, պատմությունը: Ձեռք բերված բոլոր տվյալները կտրամադրվեն հայ գիտնականներին` հետագա հետազոտությունների նպատակով, որոնց արդյունքներն անմիջականորեն կապված են քաղցրահամ ջրի այս ջրամբարի էկոլոգիական հավասարակշռության հետ, որն ունի ազգային ռազմավարական մեծ նշանակություն և հատկապես տարածաշրջանային կարևորություն:





