Հուլիսի 19-ին Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի երրորդ փուլի հանդիսավոր փակման արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի հայոց լեզվի արագացված դասընթացների և ուսուցիչների վերապատրաստման դասընթացների մասնակիցները ինչպես նաև դասավանդող ուսուցիչներ:
Սփյուռքից ժամանած երիտասարդներին և ամառային դպրոցի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Մեր նպատակն է, որ դուք ողջ կյանքում կապված լինեք hայրենիքի հետ: Լիահույս ենք, որ ձեզանից շատերը կվերադառնան և կհաստատվեն hայրենիքում: Այս ճանապարհին դուք արել եք առաջին քայլը՝ գալով և սովորելով մայրենի լեզուն, ինչը ՀՀ կառավարությունն առաջնային խնդիր է համարում: Պատահական չէ, որ Հանրապետության նախագահի առաջին քաղաքական նախաձեռնությունը ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն էր, որը զբաղվելու է Սփյուռքի հայապահպանության խնդիրներով»:
Հանրապետության վարչապետը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ սփյուռքահայերին մայրենիի դասավանդման գործում առավելագույն ջանքեր ներդնելու համար: Սփյուռքահայ երիտասարդները հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով: Միջոցառումն ամփոփվեց ավանդական խարույկի շուրջ, ուր մինչև ուշ երեկո երգեցին և պարեցին ծրագրի մասնակիցները:





