AM
20 Հուլիս 2013 - 13:55 AMT

Արարատյան Հայրապետական Թեմ. Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց անցկացված ակցիան սադրանք է

Այսօր Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց ի պաշտպանություն Արարատյան թեմի «Արարատ» երիտասարդաց միության նախագահ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի տեղի ունեցած ակցիայի կապակցությամբ Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվանը հանդես է եկել հայտարարությամբ: հայատարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արարատ» միության անդամները նախօրեին հանդիպել էին Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանին: Նրանց հաղորդվել էր, տեղափոխումը կատարվել է Սբ․ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամների՝ հունիսի 25-ի դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով ծխական խորհրդի, հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանի և Տ․ Հակոբ քահանա Խաչատրյանի հարաբերություններում ստեղծված անառողջ մթնոլորտը, որը մի քանի տարվա պատմություն ունի, իսկ այժմ հասել է առավելագույն սրվածության:

Սրբազան Հայրը բացատրել է, որ, չնայած առանց քննարկման որոշում կայացնելու իր իրավասությանը, Տ․ Հակոբի հետ քննարկել է խնդիրը և տեղափոխման համաձայնություն ստացել: Ինչպես արդեն հաղորդվել էր, քահանան տեղափոխվել է սեփական դիմումի համաձայն: Սրբազան Հորից ջերմ տրամադրությամբ բաժանվելուց հետո, կարծես ուղղորդություն ստանալով, «Արարատ»-ի մի քանի անդամներ որոշել էին կրկին վերադառնալ սադրիչ գործողություններին, որոնք անհասկանալի են՝ իրենց ընձեռնված առավել լայն հնարավորությունների, ինչպես նաև Տ․ Հակոբ քահանա Խաչատրյանի արտահայտած դիրքորոշման համատեքստում: Այս ամենը առավել նման է որոշակի տրամադրություններ ստեղծելուն միտված սադրանքի: Նշենք նաև, որ միության բոլոր անդամները չէ, որ տեղյակ էին Սրբազան հոր հետ ունեցած՝ մի խումբ անդամների հանդիպման մանրամասներին և ակցիային էին եկել ամբողջովին ապատեղեկացված:

Երիտասարդների հետ հանդիպեց և իրավիճակը բացատրեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանը: Հիշեցնենք, որ «Արարատ» հոգևոր միությունը նրա հովվության տակ գտնվող եկեղեցու կառույց է: Տեր Շահեն իր խոսքում ասաց, որ միության անդամների նման կեցվածքը անհասկանալի է, քանի որ Թեմի առաջնոդրական փախանորդի տնօրինությամբ տեր Հակոբը առաջվա նման շարունակելու է երիտասարդական կառույցների հոգևոր հովվի իր աշխատանքը՝ համակարգելով Թեմի բոլոր ծխական երիտասարդական կառույցների գործունեությունը:

Նրա խոսքով, միության անդամների նման պահվածքը առնվազն տարօրինակ է, քանի որ, լինելով Սուրբ Սարգիս Եկեղեցու համայնքի մաս, միության անդամները հաշվի չեն նստում ծխական խորհրդի, հոգևոր հովվի և մյուս հոգևորականների հետ, անում են կամայական, չտրամաբանված գործողութուններ: Տեր Շահենը «Արարատ» միությունն անվանեց մեկ անձի շուրջ հավաքված մի խումբ մարդկանց կառույց: Նա նշեց, որ այսօրվա միջադեպից հետո պատրաստվում է դիմել Թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանին՝ միության անդամների գործունեությունը կասեցնելու խնդրանքով: «Միության սադրիչ պահվածքը պարզապես հարիր չէ հոգևոր կառույցի անդամ երիտասարդներին»,- նշեց նա:

Ակցիայի կազմակերպիչիների գործողությունները նաև հանգեցրին նրան, որ Եկեղեցու երկու սպասավորների միջև կոնֆլիկտ առաջացավ, որն այժմ լրատվամիջոցներում փորձվում է շահարկվել միության որոշ անդամների կողմից»: