Հունիսի 23-ին Անթիլիասի Մայրավանքում պատարագի ընթացքում երեք սարկավագներ օծվեցին ու ձեռնադրվեցին կուսակրոն քահանա, որոնցից առաջինը՝ իրանահայ սարկավագ Ղարախանյանը, վերանվանվեց Տեր Վահրիճ աբեղա, ով դարձավ նաև Անթիլիասում օծված անդրանիկ իրանահայ կուսակրոնը:
Տեր Վահրիճը ծնվել է 1991 թ.-ին, Թեհրանում: Նա Տեր Կոմիտաս քահանա Ղարախանյանի և տիրուհի Լիդուշի որդին է: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի «Սասուն» մանկապարտեզ-նախակրթարանում, «Նաիրի» ազգային տարրական, այնուհետև՝ ուղեցույց դպրոցներում: 2005թ. Հոկտեմբերին ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Պիկֆայայի դպրեվանք և մեկնել Լիբանան:
2009թ.-ին ավարտել է քառամյա բաժինն ու տեղափոխվել ընծայարան, 2010թ.-ին ձեռնադրվել կիսասարկավագ: Իսկ 2011թ.-ին, Տ. Նորայր եպիս. Աշգյանի ձեռամբ, ձեռնադրվել է սարկավագ, 2012-ին՝ ավագ սարկավագ: Նա տարբեր թեմաներով ելույթներ է ունեցել Բեյրութի ռադիո «Սևան»-ում: 2013թ.-ի հունիսի 13-ին ավարտել է դպրեվանքի ութամյա դասընթացները:





